Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը գերազանցության դիպլոմներ է հանձնել ՀԱԱՀ-ի մի խումբ շրջանավարտների

21.08.2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և նրանց հանձնել ավարտական դիպլոմները: Կառավարության ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների բարձր որակավորման կարևորությունը՝ Արցախի տնտեսության զարգացման գործում: «Ուզում եմ շնորհավորել շրջանավարտներին, որոնք գերազանցությամբ են ավարտել համալսարանը: Հույս ունեմ շատերիդ տեսնել գյուղատնտեսության ոլորտում ձեր մասնագիտական ներուժը գործնականում իրացնելիս: Ես առանձնահատուկ կարևորում եմ ագրարային կրթությունը, քանի որ մեր երկրի ապագան պայմանավորված է գյուղատնտեսությամբ, այդ պատճառով այն կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունն է: Վերջին տարիներին մեզ հաջողվել է նշանակալի բարելավում գրանցել բնագավառի տարբեր ենթաճյուղերում, սակայն, օրինակ, անասնաբուծության ոլորտում արդյունքներն անբավարար են, ինչը պայմանավորված է նաև որակյալ մասնագետների սղությամբ: Այս առումով մեր կրթական համակարգը լուրջ անելիք ունի»,- ասել է Ա. Հարությունյանը: Շրջանավարտներին շնորհավորել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և նրանց մաղթել աշխատանքում իրենց ստացած գիտելիքները դրսևորելու կարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին