Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համացանցի որակին վերաբերող հարցեր

16.05.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու կապի ոլորտի, մասնավորապես՝ համացանցի որակին վերաբերող մի շարք հարցեր:

Պետական նախարարը բարձր է գնահատել հանրապետությունում կապի միակ օպերատոր հանդիսացող «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության աշխատանքը՝ նշելով սակայն, որ մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացման և սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ պետք է մշտական աշխատանք կատարել: Ա. Հարությունյանի խոսքով՝ մեծ է հատկապես համացանցի որակի վերաբերյալ հանրային դժգոհությունը, և հանդիպմանը ներկա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին հորդորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կապի որակի բարելավման և հասարակական դժգոհությունների պատշաճ ուսումնասիրության ուղղությամբ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրել է Ա. Հարությունյանին, որ ամենակարճ ժամանակահատվածում կուսումնասիրվեն առկա մտահոգություններն ու խնդիրները և դրանց վերաբերյալ կտրվեն անհրաժեշտ լուծումներ:

Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը հանձնարարել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին հետևողական լինել քննարկված հարցերի լուծման գործում, ինչպես նաև առաջարկել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահին այդ ուղղությամբ շարունակել ակտիվ դիտարկումները:

 

← Վերադառնալ ցուցակին